Deloitte աուդիտորական եւ քոնսալթինգային ընկերության նոր հետազոտության համաձայն, նավթ արդյունահանող ընկերությունների մեկ երրորդն այս տարի սնանկանալու մեծ վտանգի է ենթակա. գրում է Gazeta-ն` վկայակոչելով Fortune-ին:
Աշխարհի ավելի քան 500 նավթային եւ գազային ընկերությունների ուսումնասիրության վրա հիմնված զեկույցն ընդգծում է էներգետիկայի ոլորտում խորը ճգնաժամը: Նավթի գները մոտենում են վերջին տասը տարվա ընթացքում նվազագույն արժեքին, ինչի հետեւանքով ընկերությունները ստիպված են լինում կրճատել բյուջեն եւ անձնակազմին:
Ինչպես նշվում է, մոտ 175 ընկերություն սնանկացման եզրին է եւ ավելի քան 150 մլրդ դոլարի պարտքեր ունի:
Սակայն, հաղորդում է պարբերականը, նավթասերվիսային ընկերությունները, որոնք հորատման համար անձնակազմ են տրամադրում, պակաս ենթակա են սնանկացման վտանգին, քան արդյունահանող ընկերությունները: Ամենայն հավանականությամբ դա կապված է ավելի փոքր կապիտալի ներգրավման հետ, ինչը նրանց ֆինանսական առումով ավելի ճկուն է դարձնում: Այսպես, ամերիկյան 53 էներգետիկական ընկերություններից, որոնք անցյալ եռամսյակում սնանկացման վերաբերյալ հայտարարություն են ներկայացրել, ընդամենը 14-ն են սերվիսային: Deloitte-ի վերլուծաբանների կանխատեսումներով, այդ միտումը կարճաժամկետ հեռանկարում կպահպանվի:





























