Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքել է սփյուռքում 3 տարի շարունակ գործող նույն անունով կազմակերպությանը, որը նախօրեին մեղադրել էր Արթուր Բաղդասարյանին իրենց անունը գողանալու մեջ:

Արթուր Բաղդասարյանի նախաձեռնության պատասխան հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ Հայաստանից դուրս գործող, հանրությանը անծանոթ կառույցներից մեկը «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը հերթական անգամ մեղադրել է իրենց կազմակերպության անունը «գողանալու» մեջ ՝անցնելով կոռեկտության եւ պարկեշտության բոլոր սահմանները:

Նշված կառույցի մեղադրանքները որքան անտրամաբանական են, այնքան էլ՝ անհեթեթ: Եթե շարժվենք վերը նշած կառույցի տրամաբանությամբ, կամ ավելի շուտ՝ անտրամաբանությամբ , ապա նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ հանրապետականները պետք է մեղադրեն հայաստանյան հանրապետականներին իրենց կուսակցության անունն օգտագործելու, ավելին ՝«գողանալու» մեջ, կամ ասենք վրաց «Ազատ դեմոկրատները» նույն մեղադրանքը հնչեցնեն  նույնանուն կուսակցության իրենց հայաստանցի գործընկերների նկատմամբ եւ այսպես շարունակ: Խոստովանենք՝ անհեթեթ է:

Հաջորդը՝ «Վերածնունդ» , «Հայկական Վերածնունդ»  բառերը եւ բառակապակցությունները ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք համամարդկային  եւ համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են, որոնք օրենքի շրջանակներում կարող է օգտագործել յուրաքանչյուր կազմակերպություն: Իսկ մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարել:

Երրորդ՝ պաշտոնապես հայտնում եմ, որ երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական Վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել, որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին, որ նշված կառույցը գոնե հայաստանյան լայն  հանրությանը անհայտ է եղել, թե՛ իր գործունեությամբ եւ, թե՛ իր գաղափարներով ու նպատակներով: Ավելին՝ դատարկախոսելուց եւ դիմացինի վրա ցեխ շպրտելուց բացի, եթե նրանք իսկապես որեւէ էական  գործ կատարած լինեին, նրանց  գոնե գոյության մասին տեղեկացված կլինեինք: Սրանից հետեւություն՝ չէինք կարող, իրենց պնդմամբ , «գողանալ» այն, ինչը  գործնականում գոյություն չուներ: Մենք հասկանում  ենք , որ սփյուռքում ստեղծված այդ կառույցը ճանաչման խնդիր ունի եւ պատահական չէ , որ ժամանակ առ ժամանակ «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման հասցեին իրենց հնչեցրած ոչ կոռեկտ եւ անհեթեթ հայտարարություններով նպատակ ունեին հայաստանյան մամուլում «ռասկռուտկա» լինել՝ հագուրդ տալով իրենց փոքրիկ եւ նեղ անձնական ամբիցիաներին , այն է՝ մարդկանց տեղեկացնել իրենց գոյության մասին: Սակայն ցավում եմ, որ իրենց գոյությունը արդարացնում են ուրիշների վրա ցեխ շպրտելու միջոցով՝ օգտագործելով եւ աղավաղելով «վերածնունդ» բառի  վեհ գաղափարը:

Չորրորդ՝ խոսել վերածնունդի մասին եւ արտահայտվել գռեհիկ, ոչ կոռեկոտ, ինչպես իրենց թույլ են տվել սփյուռքի նշված կառույցի  ներկայացուցիչները, նշանակում է վարկաբեկել հենց վերածնունդի գաղափարը եւ ի սկզբանե կասկածի տակ դնել նպատակի ազնվությունը:

Այո՛, Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որը, ի հեճուկս ամեն  տեսակ չարախոսների եւ չարակամների, ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 21-ին, մեծ շուքով, հիմնադիր համագումարում կհայտարարի կուսակցություն դառնալու մասին:

Մեր պատկերացրած վերածնունդը ոչ թե դիմացինի վրա ցեխ շպրտելն է, այլ  համագործակցությունն է, ոչ թե ատելությունն  է,  այլ հանդուրժողականությունն է, մենք պայքարում ենք ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն,  մեր պատկերացրած վերածնունդն ի տարբերություն շատերի, սկսում է մտածելակերպից, սկիզբ է առնում Հայաստանից, մենք չունենք նեղ անձնական ամբիցիաներ եւ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ: Դրա վկայությունն են այն 160 կազմակերպություններն, որոնք միացել են մեզ: Խորհուրդս սփյուռքում գործող կազմակերպությանը, եթե իհարկե  ձեր նպատակներն ազնիվ են, իսկապես պայքարում եք հանուն վերածննդի, ապա միացեք մեզ, որպես «վերածննդի»  գաղափարախոսության  իրական կրողներ, մենք պատրաստ ենք ներել:

Հ.Գ. Սփյուռքում գործող կազմակերպությունն իր տարածած հայտարարության մեջ խոսել էր նաեւ հայոց լեզվի հարուստ բառապաշարի մասին: Իսկապես, հայոց լեզուն այնքան հարուստ է, որպեսզի սփյուռքյան այդ կառույցի նման հայտարարությանը, որպես պատասխան,  գտնեինք համապատասխան  հայհոյախառն  արտահայտությունը, սակայն, որպես քրիստոնյաներ եւ իրական վերածննդի գաղափարները կրողներ կփորձենք ներել՝ զգուշացնելով, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ:  Ու վերջին խորհուրդը՝ մի՛ զրպարտեք մեզ, մի՛ եղեք այդքան անհեթեթ:

Նշենք, որ փետրվարի 16-ին, «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ պարզաբանել էր, որ իրենք որեւէ կապ չունեն «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի եւ իր նախաձեռնությունների հետ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը  նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, եւ կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի եւ մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»,-ասված է նրանց հայտարարությունում:

Մի գողացե'ք մեր անունը. Սփյուռքում շուրջ 3 տարի գործող «Ազգային վերածնունդը» ՝ Արթուր Բաղդասարյանին