Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-23-ը Սինգապուրում մասնակցելու է բանկային վերահսկողների միջազգային համաժողովին: ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը եւ Ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Ճանապարհ դեպի կայուն բանկային համակարգ» եւ «Կայուն ֆինանսական միջավայր տեւական տնտեսական աճի համար» թեմաները, զեկույցներով հանդես են գալու Հոլանդիայի ազգային բանկի նախագահ, բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի նախագահ Նութ Վելլինկը, Չինաստանի բանկային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Լիու Մինկանգը, ինչպես նաեւ մի շարք ազգային եւ կենտրոնական բանկերի նախագահներ: