Անկարան զենք է թափահարում ու դրանով իսկ խոչընդոտում Սիրիայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրին, գրում է Թուրքիայի հարցերով փորձագետ Ռոբերտ Էլլիսը Independent–ում:
ՄԱԿ-ի հովանո ներքո Սիրիայի աջակցության միջազգային խմբի՝ բռնությանը վերջ տալու խնդիրը բարդանում է Անկարայի կողմից հրահրվող ռազմատենչ տրամադրություններով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա սիրիական պատերազմի ընթացքը փոխելու վերջին հնարավորությունն ունի, քանի որ նախագահ Բաշար Ասադին տապալելու նրա ռազմավարությունը ձախողվել է այն բանից հետո, երբ հակամարտությանը միջամտել է Ռուսաստանը, գրում է հոդվածագիրը:
«Ամենասարսափելի սպառնալիքը Թուրքիայի կողմից՝ Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու հավանականության մասին հայտարարությունն է, որն իբրեւ ԻՊ դեմ պայքարելու նպատակով է, բայց իրականում ուղղված է քրդերի դեմ ու պետք է խոչընդոտի Թուրքիայի հետ սահմանին ինքնավարություն ստեղծելու նրանց մտադրությանը: Սաուդյան Արաբիան ու պաշտպանության ինքնավստահ նախարար Մուհամեդ իբն Սալմանը, որը ակնհայտորեն դժգոհ է Եմենում հուսիտների դեմ սաուդյան պատերազմից, աջակցում է Թուրքիայի ծրագրերին»,- ասված է հոդվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի նախագահը պայքար է մղում Քուրդիստանի Բանվորական կուսակցության եւ Սիրիայում քրդական աշխարհազորի ջոկատների դեմ, որոնք հաջողությամբ մարտնչում են ԻՊ դեմ: Վերջին օրերին թուրք զինվորականները գնդակոծել են սիրիացի քրդերին: Ռուսաստանը նախաձեռնել էր ՄԱԿ ԱԽ հանդիպումը, որպեսզի հասնի նրան,ո ր Անկարան դադարեցնի սիրիաբնակ քրդերի դիրքերի գնդակոծությունները, իսկ ԱՄՆ –ն ու Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ արեցին դրսեւորել զսպվածություն, սակայն Անկարան անտեսեց միջազգային խոստումները, հիշեցնում է Ռոբերտ Էլլիսը:
Չնայած ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հայտնել էր, որ Անկարան չունի Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու «շտապ ծրագրեր» բայցեւայնպես նկատելի է Սիրիայի հետ սահմանին թուրքական ռազմական ներկայության ուժգնացում: Էրդողանին գայթակղում է սիրիական հակամարտությունում «վա-բանկ» գնալը, սակայն եթե նա անի նման բան՝ « իր հետ միասին կկործանի նաեւ Թուրքիան», համարում է հոդվածագիրը:




























