Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստին, որտեղ քննարկվում էր Ռոբերտ Իլատովի «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, սկանդալով է ավարտվել Մերեց կուսակցության առաջնորդ Զաավա Գալիոնի եւ «Իսրայել մեր տուն» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի միջեւ ծագած բախման պատճառով։

News.ru-ի փոխանցմամբ՝ Իլատովն օրինագծում առաջարկել է «օտարերկրյա գործակալներ» ճանաչել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, որոնք ֆինանսավորում են ստանում արտասահմանից եւ առաջ են մղում օտարերկրյա պետությունների շահերը։

Զաավա Գալիոնը սուր քննադատության է ենթարկել օրինագիծը՝ վիրավորելով այն ներկայացնող անձանց։ Մասնավորապես նա հայտարարել է, որ «Իսրայել մեր տուն» կուսակցության ներկայացուցիչները Ադրբեջանի կառավարության լրտեսներն են, որից արտոնություններ են ստանում։ Նրա խոսքով՝ արտգործնախարար լինելու տարիներին Ավիգդոր Լիբերմանը պաշտպանում էր ընկերությունների շահերը, որոնք պատկանում էին Ադրբեջանի կառավարությանը։ Լիբերմանն իր հերթին Գալիոնին հիշեցրել է, որ նա 12 ժամ քննիչների հետ զրուցել է  տասնյակ հազարավոր դոլարների անհետացման գործով, որոնք չքացել էին այն ՀԿ-ի դրամարկղից, որի գլխավոր տնօրենը Գալիոնն էր։