ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չտեղավորվեց կոնգրեսին Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի ռազմավարություն ներկայացնելու ժամկետների մեջ, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով The Hill-ին:

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Մաք Թորնբերրիի կարծիքով, դա վկայում է Սպիտակ տան ռազմավարական տեսլականի կատարյալ ձախողման մասին: 

«Այժմ կոմիտեն աշխատում է 2017 թվականի բյուջեի շրջանակում ազգային պաշտպանությանը հատկացումների վերաբերյալ օրենքի վրա, եւ Պենտագոնն արդեն սկսել է լիազորություններ խնդրել, որոնք մեր զորքին անհրաժեշտ են թշնամու նկատմամբ հաղթանակ տանելու համար: Առանց ռազմավարության, դա հավասարազոր է մեր զորքն անհայտ տեղանքում առանց կողմնացույցի եւ քարտեզի թողնելուն», — հայտնել է կոնգրեսականը:

Թորնբերրին մեծ խնդիր է տեսնում նախագահի` ժամանակին պլան ներկայացնելու անկարողության մեջ: Քաղաքական գործիչը ենթադրում է, որ դա ահաբեկչության դեմ նրա պայքարի մասին ավելի շատ բան է ասում, քան «դատարկ հավաստիացումները, որոնք նա կարող է անել ամբիոնից»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  2017 բյուջետային տարում 4,1 տրլն դոլարի չափով ծախսերի պլան էր ներկայացրել , որն առաջարկում էր  50 տոկոսով ավելացնել ԻՊ-ի դեմ պայքարի ծախսերը: