Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդու` Բիլալ Էրդողանի նկատմամբ, որն ընտանիքով Բոլոնիայում է ապրում: Այդ մասին  հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են իտալական քաղաքի դատախազությունից: 

«Կարող եմ հաստատել, որ նման հետաքննություն վարվում է», - ասել են դատախազությունից:

Առայժմ չի հաջողվել կապվել այդ գործը վարող դատախազ-քննիչ Մանուել Կավալլոյի գրասենյակի հետ: 

Փաստաբան Մասսիմիլյանո Աննետտան, որը ներկայացնում է թուրք գործարար Մուրատ Հաքան Հուզանի շահերը, որն ի սկզբանե փաստաթղթեր էր ներկայացրել Էրդողանի գործունեության անօրինականության վերաբերյալ, կարծիք է հայտնել, որ դատախազը հետքննություն սկսելու ծանրակշիռ պատճառներ ուներ: 

«Իրականում մենք դեռեւս սեպտեմբերին էինք փաստաթղթերը փոխանցել դատախազություն: Սակայն գործին ընթացք չտրվեց: Հնարավոր է նաեւ այն պատճառով, որ իմ հաճախորդը բավարար ապացույցներ չուներ, ամեն ինչ հիմնված էր ենթադրությունների վրա: Այժմ ամենայն հավանականությամբ դատախազության ձեռքում հիմքեր են հայտնվել գործ հարուցելու համար», - ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ իր հաճախորդը տուժել է Ռեջեփ Թայյիփ Էրդողանի վարչակարգից եւ ստիպված է եղել վտարանդիության մեջ ապրել: 

Ինչպես հաղորդել է Corriere di Bologna-ն, 35-ամյա Բիլալը, որը Բոլոնիա է եկել մոտ մեկ տարի առաջ Ջոն Հոփքինսի համալսարանում ատենախոսություն գրելու համար, կասկածվում է փող լվանալու մեջ:  Գործը բացվել է թուրք գործարար Մուրատ Հաքան Հուզանի հայտարարության հիման վրա` քաղաքական ընդդիմադրի, որը ստիպված է վտարանդիության մեջ ապրել Ֆրանսիայում: Փաստաբանի հայտարարության համաձայն, Էրդողանն Իտալիա է բերել մեծ գումար, որը ստացվել է անօրինական գործունեությունից:   

Ավելի վաղ Corriere della Sera-ին տված հարցազրույցում Բիլալը հերքել էր այն մեղադրանքը, թե նավթի անօրինական առեւտրով է զբաղվել: Նա պնդում էր, որ ընդհանրապես հետաքրքրություններ չունի այդ ոլորտում: