Այս տարվա աշնանը Լեհաստանի Զաբժե քաղաքում «Հայկական օրեր» խորագրով մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանում ՀՀ դեսպանությունում փետրվարի 17-ին ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ Լեհաստանի Զաբժեի քաղաքապետ տիկին Մալգոժատա Մանկա-Շուլիկի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսեւիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեհաստանի Զաբժե եւ Հայաստանի Քաջարան քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության հետ կապված հարցեր: Երկու քաղաքների միջեւ համագործակցության շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերվեց 2015 թվականի ընթացքում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի Զաբժե կատարած ճանաչողական այցի ընթացքում:

Դեսպան Ղազարյանը ողջունեց երկու քաղաքապետերի նախաձեռնությունը` ընդգծելով, որ Լեհաստանի եւ Հայաստանի համայնքների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը խրախուսվում է երկու պետությունների կողմից, եւ հայտնեց Լեհաստանում ՀՀ դեսպանության պատրաստակամությունն ամենայն աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Դեսպանը նաեւ նշեց, որ երկու քաղաքների միջեւ կան բազում ընդհանրություններ, ինչը հնարավորություն է ստեղծում ոչ միայն բարեկամության հաստատման, այլեւ տնտեսության, բնապահպանության, մշակույթի, արդյունավետ կառավարման եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման համար:

Զաբժեի քաղաքապետը, իր հերթին, վստահություն հայտնեց, որ Քաջարանի հետ ապակենտրոնացված համագործակցությանն իր ներդրումը կունենա Հայաստանի հետ բարեկամության առավել ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվեց 2016 թվականի ամռանը Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրերին Հայաստանից ժամանող երիտասարդների՝ Զաբժե այցելելու կարեւորությունը:

Հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.թ. աշնանը Զաբժեում «Հայկական օրեր» խորագրով մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցում: