Փաստը, որ հայերը պարբերաբար գումարներ են ներդրում այլ երկրների զարգացման ոլորտներում, հին հայկական հիվանդության դրսեւորում է, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Վանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահի խոսքերը, թե Վանում հայ եւ թուրք ձեռնարկատերերը ծրագրում են 3 խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել:
«Վրաստանի հայերը կառուցել են Թբիլիսին, հայերն են կառուցել Բաքվի կեսը: Մենք հայերին բնորոշ «անշնորհքությամբ» հանգստանում են Քոբուլեթիում: Հանրությունը պետք է բուժվի այդ հիվանդությունից, իսկ կբուժվենք, երբ հասկանանք, որ միակ մնայուն արժեքն այն է, ինչ կառուցված է մեր երկրում: Այդ ճշմարտությունը գիտակցելու համար ժամանակ է հարկավոր»,- ասել է Պետրոսյանը:
Հարցին, պե՞տք է, արդյոք, երկրի իշխանությունները միջամտեն հանրության «առողջացման» գործընթացին, Պետրոսյանն ասել է. «Պետությունն իրավունք ունի հուշել, հարցնել, թե որտե՞ղ ես ներդրումներ կատարում, ոչ ավելին»:
Նշենք, որ Վանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը հայտնել էր, թե Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից մեկը հող է պահանջել, որպեսզի Վանում հինգաստղանի հյուրանոց կառուցի: Նախնական հաշվարկներով ներդրումների ծավալը կազմում է 50 մլն դոլար:



























