Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին ընդամենը 2.5 ամիս առաջ է զբաղեցրել այդ պաշտոնը, սակայն արդեն Instagram-ում իր ժողովրդականությամբ առաջ է անցել Լատինական Ամերիկայի բոլոր գործընկերներից։ Այս մասին են վկայում BursonMarsteller միջազգային PR գործակալության հրապարակած տվյալները։ Ներկայումս Մաքրին ունի ավելի քան 580 հազար հետեւորդ։ Տարածաշրջանում նրա «մոտակա մրցակիցներն» են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը, որոնցից յուրաքանչյուրն ունի 178 հազար բաժանորդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

BursonMarsteller-ի վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Instagram-ը քաղաքական գործիչների եւ դիվանագետների շրջանում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել։ Ընկերության գնահատմամբ՝ այդ սոցիալական ցանցում պաշտոնական էջեր ունեն 136 երկրների նախագահներ, վարչապետներ եւ արտգործնախարարներ։ Ընդ որում, նրանց մեծամասնությունը էջի կառավարչումը հանձնում է մասնագետների։ Մաքրին համաշխարհային 15 առաջնորդներից մեկն է, ով ինքն է լուսանկարներ հրապարակում իր էջում։

Այս պահին Instagraո-ում ամենից շատ հետեւորդներ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որին բաժանորդագրվել է ավելի քան 6 մլն մարդ։ Երկրորդ տեղում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ավելի քան 2 մլն բաժանորդ, իսկ եռյակը եզրափակում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ավելի քան 1.7 մլն բաժանորդ։