Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների կեսը կաջակցի իրենց առաջնորդ Դեւիդ Քեմերոնին եւ կքարոզի, որպեսզի հունիսի  23-ի հանրաքվեին հպատակները քվեարկեն ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու օգտին: Այդ մասին գրում է  Times թերթը, որի տեղեկությունների համաձայն, վարչապետի գրասենյակն իր նախնական հաշվարկներում թերագնահատել էր թորիների թերահավատությունը միությանն անդամակցության առումով: 

«Թորիների  330 (խորհրդարանում նստող) պատգամավորից մոտ 150-ը քվեարկելու է ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին, իսկ եւս մի քանի տասնյակը դեռ պիտի արտահայտեն իրենց կարծիքը», - ասված է հոդվածում: Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Քեմերոնի խորհրդականները պահպանողական խորհրդարանականների շրջանում եվրոթերահավատների թիվը մոտ   80 էին գնահատում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ Քեմերոնի 21 նախարարից 6-ը տեղեկացրել էին, որ հանդես կգան երկրի` Եվրամիությունից դուրս գալու օգտին: Times-ի տեղեկությունների համաձայն, նրա հետ միասին Բրյուսելի հետ հարաբերությունների խզման օգտին կքարոզի մոտ  20 փոխնախարար: 

Բացի այդ, վարչապետին ընդդիմադիր լինելու մասին է հայտնել կառավարության անդամ չհանդիսացող, բայց Քեմերոնի քաղաքական թիմի մաս կազմող Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:  Այդ ազդեցիկ քաղաքական գործչի անցումը ԵՄ-ին անդամակցության հակառակորդների ճամբար հատկապես ցավոտ է եղել վարչապետի համար, որը քարոզչական չորսամսյա արշավի ընթացքում հույս էր կապում խարիզմատիկ եւ փայլուն հռետոր Ջոնսոնի օգնության հետ:   

Միաժամանակ, ինչպես հաղորդել են բրիտանական թերթերը, վարչապետին պիտի աջակցեն Մեծ Բրիտանիայի խոշորագույն ընկերությունների ղեկավարները:  Փետրվարի  23-ին նրանք պիտի նամակ հրապարակեն, որով կհայտնեն այն մասին, որ Մեծ Բրիտանիան  «ավելի ուժեղ, անվտանգ եւ հարուստ» կլինի բարեփոխված ԵՄ-ում:  ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը բիզնեսի այնպիսի հսկաների մասին է, ինչպիսիք են    BP եւ Shell նավթային կորպորացիաները, լեռնահանքարդյունաբերական Rio Tinto-ն հեռահաղորդակցային Vodafone-ը եւ BT-ն, պաշտպանական BAE Systems-ը, HSBC, Barclays բանկերը: Ինչպես գրում է Times-ը, Քեմերոնի հետ համակարծիք է Մեծ Բրիտանիայի արտադրողների ասոցիացիայի 61 տոկոսը: