«Բատկիվշչինա» խմբակցությունը դիմում է նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանին` պահանջելով անհապաղ խորհրդարանի նիստ հրավիրել կառավարության հրաժարականի հարցի քվեարկության  համար: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:   

«Այժմ մենք անկեղծորեն եւ հրապարակայնորեն դիմում ենք Ուկրաինայի նախագահին եւ Գերագույն ռադայի նախագահին նիստ հրավիրելու միակ պահանջով` Սահմանադրության  83-րդ հոդվածի համաձայն, որտեղ ասված է, որ ԳՌ-ի արտահերթ նիստը նշված օրակարգով հրավիրվում է անձամբ ԳՌ-ի նախագահի կողմից կամ  Ուկրաինայի նախագահի պահանջով: Բացի այդ, հնարավորություն կա նաեւ ժողովրդական պատգամավորների ստորագրությունների մեկ երրորդը հավաքել, բայց դրանք նույն` նախագահի եւ վարչապետի խմբակցություններն են  », - ասել է Տիմոշենկոն: .

Նրա խոսքով, նիստը պիտի մի օրակարգ ունենա. Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականը: Տիմոշենկոն նշել է, որ վարչապետին պաշտոնից ազատելու սահմանադրական գործիքներ կան, սակայն դրա հետեւանքը պիտի լինի ամբողջ կառավարության հրաժարականը. «Դրա համար առկա են բոլոր հիմքերը եւ բոլոր գործիքները»:

Բացի այդ, Տիմոշենկոն հայտնել է, որ անհրաժեշտ է վերանայել սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը, կոալիցիոն համաձայնագրի դրույթները եւ հաստատել Ուկրաինան ճգնաժամից քայլ առ քայլ դուրս բերելու ծրագիր: