Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվարին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հատկանշական է, որ, չնայած ձեւավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշենք, որ միաժամանակ ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառության եւ ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ եւ տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առեւտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաեւ առեւտրային հաշվեկշիռը: