Թուրքիայի դեսպանը շատ ավելի լավ կլիներ, որ խորհուրդներ տար իր երկրի ղեկավարությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջի հայտարարությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լավ կանի, եթե Թուրքիա մեկնի ինքնաթիռով, քանի որ հայ-թուրքական մերձեցումը կախված է ղարաբաղյան հարցից եւ հետեւաբար մինչեւ հոկտեմբերի 14-ը կայանալիք ֆուտբոլային հանդիպումը սահմանները չեն բացվի:

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, հասկանալի իրողություններով պայմանավորված, սպեցիֆիկ դիվանագիտական ծառայող է, ով իր կամքով կամ ստիպված, պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով ու մեկնաբանություններով, որոնք, երբեմն դուրս լինելով ընդունված դիվանագիտական էթիկայի նորմերից, ոչ այնքան ու ոչ միշտ են արտահայտում իր երկրի մոտեցումները այս կամ այն խնդրի վերաբերյալ, այլ երբեմն նպատակ ունեն հաճոյանալու „փոքր եղբայր“ Ադրբեջանի ղեկավարությանը կամ շահելու նրանց համակրանքը»,- նշել է Շարմազանովն ու հավելել. «Իսկ ավելի կոնկրետ, կապված դեսպանի` մեր երկրի նախագահին ուղղված խորհրդի հետ, թե Թուրքիա կարելի է մեկնել նաեւ ինքնաթիռով, կարծում եմ, որ եթե հարգարժան դեսպանը մի փոքր ավելի երկար եւ անաչառ մտածեր խնդրի վերաբերյալ, ավելին` կատարեր իր ուղիղ աշխատանքային պարտականությունները, ապա կհասկանար, որ իրականում խորհուրդներ անհրաժեշտ է տալ իր ղեկավարությանը, հենց թեկուզ այն մասին, որ պետք է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները»: