Իսպանիայի խորհրդարանը  վարչապետի պաշտոնի համար Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածության քվեարկությունը  մարտի 3-ից տեղափոխել է մարտի  2-ը, քննարկումը տեղի կունենա մարտի 1-ին:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ քննարկումը տեղի կունենա մարտի  2-ին, իսկ քվեարկությունը` 3-ին: Պատգամավորների կոնգրեսի ղեկավար Պաչի Լոպեսի առաջարկով խորհրդարանական խմբակցությունների  ներկայացուցիչների խորհուրդը ժամկետի տեղափոխման որոշում է կայացրել: 

Խորհրդարանում ուժերի բաշխումը վկայում է, որ Սանչեսին չի հաջողվի հենց առաջին փորձից օրենքով պահանջվող բացարձակ մեծամասնությունը ստանալ վարչապետի պաշտոնում հաստատվելու համար: Երկրորդ փորձի դեպքում  (օրենքով դա տեղի է ունենում առաջինից 48 ժամ անց) պարզ մեծամասնությունը բավական է: 

Այժմ Սանչեսը շարունակում է բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ` հուսալով, որ կաջակցեն իրեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Աջակողմյան Ժողովրդական կուսակցությունը, որը հաղթել է ընտրություններում եւ խորհրդարանում  119 մանդատ ունի, բազմիցս հայտնել է, որ խորհրդարանում քվեարկության ընթացքում չի աջակցի Սանչեսին: Իսկ նրա առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը վստահեցնում է, որ տապալման դեպքում սոցիալիստների առաջնորդը պատրաստ է փորձել սեփական կառավարությունը ձեւավորել: