Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 17-ին ընդունել է Ֆրանսիայի La Poste ազգային փոստային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսեւիլին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովն ու արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Ժան Պոլ Ֆորսեւիլը վարչապետին է ներկայացրել «Հայփոստ»-ի եւ «La Poste»-ի միջեւ Համագործակցության ծրագրի իրականացման մանրամասներ։ Նա տեղեկացրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է փոստային ծառայությունների ընդլայնում եւ փոստային նամակագրության, ծանրոցների փոխադրման ու ֆինանսական ծառայությունների մատակարարման որակի բարձրացում։
Ընդգծելով «Հայփոստ» ընկերության զարգացման իրատեսական ներդրումային ծրագրի կարեւորությունը` Տիգրան Սարգսյանն առաջնային է համարել համագործակցության շրջանակներում փոստային բաժանմունքների արդիականացումը, նոր ծառայությունների քանակի եւ ներդրումների ծավալի շարունակական ավելացումը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար։





























