«Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանը բաց նամակ է հղել Հայաստանի պաշտոնատարներին, օտարերկրյա ներկայացուցչություններին, որում նշել է, որ շարունակվում են գործարանի նկատմամբ ապօրինությունները:
Ըստ տնօրենի՝ ԴԱՀԿ ծառայությունը հրաժարվում է իրենց տրամադրել կատարողական վարույթի նյութերը: «Բջնին» այդ թղթերի պատճեները տրամադրելը պարտավորեցնելու պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան, որը 5 ամիս է՝ քննում է գործը: «Պատճեների չտրամադրելու պատճառը կարծում ենք, շատ պարզ է, Արմենիան Ռոյալ Սիգարետ ՓԲ ընկերության կողմից (նշված ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին- NEWS.am), որը հաղթել էր աճուրդում, գումարն իրականում չի վճարվել: Համոզված ենք, որ որեւէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար դրամարկղի մուտքի կեղծ անդորագիր պատրաստելով՝ սպասում էր, որ փաստացի գումարը համալրվի: Այդ է պատճառը նաեւ, որ նշված գումարը (որը պետք է մուտք արված լիներ մինչեւ 19.02.2009թ.) մինչեւ 2009թ. մարտի 19-ը (նաեւ դրանից հետո) չի փոխանցվել պետական բյուջե` Պետական եկամուտների կոմիտեին (պահանջատիրոջը), չի տրամադրվել գումարների բաշխման տեղեկանք եւ ավելացված գումարը չի վերադարձվել պարտապանին»,- նշել է տնօրենը եւ հավելել, որ այժմ էլ փորձում են ընկերությունը խլել սնանկության գործընթացի միջոցով: «Փաստորեն, որոշ իշխանավորներ՝ տեսնելով, որ չեն կարողանում արագ եւ առանց արձագանքի խլել գործարանը, փորձում են այդ կատարել սնանկության ճանապարհով: Ավելին, սնանկության կառավարչի միջոցով, փորձում են ուրիշի սեփականությունն օգտագործել եւ արտադրանք տալ: Չնայած նույն „ցավացող“ մարդկանց թեթեւ ձեռքով գործարանի արտադրության կազմակերպման վիճակն այնքան է վատացել, որ հազիվ թե դա հնարավոր լինի վերականգնել երկար ժամանակ»,- ամփոփել է «Բջնի»-ի տնօրենը:




























