Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է հրաժարվել մսից, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը։

«Այն  բանից հետո, երբ ես կարդացի սպանդանոց տարվող կենդանիների տառապանքների մասին, միս ուտելու ցանկությունս կորել է։ Ես կարող եմ ապրել եւ առանց մսի»,- ասել է 79-ամյա քաղաքական գործիչը։

Պարբերականը նշում է, որ Բեռլուսկոնին բոլորովին վերջերս է որոշել դառնալ բուսակեր։ Որպեսզի ապացուցի իր մտադրությունների լրջությունը, նա մի քանի օր առաջ իր խոհարարին կարգադրել էր ռագուն այլեւս մսով չպատրաստել։

«Մենք խոսում ենք զարմանալի կենդանիների մասին։ Ինչպե՞ս կարելի է սպանել նրանց։ Ինչպե՞ս կարելի է ուտել նրանց»,- տարակուսանք է հայտնել Բեռլուսկոնին։