Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան Wykop.pl սոցիալական ցանցի իր բլոգում նոր գրառում է կատարել անցյալ դարի 70-ական թթ. հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու վերաբերյալ։
«Այդ ամենը Անվտանգության ծառայությունն է ստեղծել, որպեսզի իմ հաշվին գումար ստանա։ Ղեկավարի կարգադրությամբ ես պետք է հանդիպեի հակահետախուզության, այլ ոչ թե Անվտանգության ծառայության հետ։ Մինչեւ 1976թ. նման բան 5 անգամ եղել է»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն նաեւ ոստիկանություն են կանչել։ «Այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ ես ոչ մեկի ազգանունը չեմ տվել եւ ոչ ոքի չեմ մատնել»,- վստահեցրել է Վալենսան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Լեհ Վալենսան, ինչպես պարզվել է արխիվային փաստաթղթերից, հատուկ ծառայությունների իրազեկիչ է եղել: Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը, որը հրապարակել է այդ փաստաթղթերը, հաղորդել է, որ արխիվն առգրավվել է ՆԳ նախկին նախարար Չեսլավ Կիշչակի այրուց: Անձնական թղթապանակում ծրար կա` հատուկ ծառայությունների հետ համագործակցելու ձեռագիր համաձայնությամբ, «Լեհ Վալենսա «Բոլեկ» ստորագրությամբ: Թղթապանակի փաստաթղթերում առկա են Բոլեկ կեղծանունով ստորագրված փողի ստացականներ, ինչպես նաեւ բազմաթիվ զեկույցներ:





























