Fruitfull խաղողագործական եւ գինեգործական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ հայկական գինիների մրցանակաբաշխություն։ Մրցույթի միջազգային ժյուրիի նախագահ, ֆրանսիացի հանրահայտ գինեգետ Միշել Ռոլանը անձամբ հայտարարեց 4 անվանակարգերում հաղթողների անունները։ Նշենք, որ 4-ից 3-ում հաղթեցին 2-3 տարվա պատմություն ունեցող նորաստեղծ ընկերությունները։ Սա խոսում է այն մասին, որ հայկական գինեգործությունը նոր շունչ է ստանում։
«Չոր, անապակ գինի» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Արմենիա վայն» ընկերության «Կանգուն» գինին։ Նշենք, որ այս նորաստեղծ ընկերությունը հաղթեց նաեւ մեկ այլ անվանակարգում՝ «Ընտրովի կարմիր գինի», իր «Արենի» ապրանքանիշով։ Այս անվանակարգի առանձնահատկությունն այն է, որ գինին պատրաստվում է հատընտիր խաղողներից։ «Արմենիա վայնի» տնօրեն Գրիգոր Ալեքսանյանը NEWS.am-ին ասաց, որ ընկերությունը գործում է 2009-ից, իսկ գործարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Գործարանը հագեցած է «Բուչեր» ֆիրմայի նորագույն սարքավորումներով։ Այս տարի, փաստորեն, երկրորդ անգամ են խաղողի մթերմանը մասնակցելու, տարեկան մթերում են մոտ 1200 տոննա խաղող։ Մրցանակի շնորհիվ հույս ունեն դուրս գալ միջազգային ասպարեզ։
Մեկ այլ նորաստեղծ ընկերություն՝ «Բրեստը», հաղթեց «հնեցված տակառների մեջ» անվանակարգում՝ «Վինար Արենի» ապրանքանիշով։ Ընդհանրապես՝ «Արենի» ապրանքանիշը բավական տարածված է հայկական գինեգործների մոտ, այն աստիճան, որ սպառողները երբեմն շփոթում են, թե որն ում է պատկանում։ Բարեբախտաբար՝ այս անվանակարգի երկրորդ հաղթողն իր գինին անվանակոչել էր «Հաղթանակ» («Տուշպա» ընկերություն)։
Հին գինեգործներից միայն «Արենի» ընկերության «Արենի» գինին լավագույնը ճանաչվեց «չոր, կարմիր գինիների» անվանակարգում։ Միշել Լորանը այստեղ նոր բան չհայտնագործեց՝ այս գինին իսկապես էլ ամենատարածվածներից է տեղական շուկայում։





























