ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բըրբենքի քաղաքի 21-ամյա հայ բնակիչը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։ Արթուր Պապիյանը ձերբակալվել էր անցած ամիս, եւ նրան առաջադրվել էին ոստիկանին դիմադրելու երկու դրվագով մեղադրանք։

Los Angeles Times-ի փոխանցմամբ, հունվարի 29-ին ոստիկանությունը հետապնդելուց եւ կրակելուց հետո ձերբակալել էր Պապյանին: Կեսգիշերին ոստիկանությունը ահազանգ էր ստացել 36-ամյա կնոջից, որ տղամարդն իրեն առեւանգել է: Կնոջ նկարագրած ավտոմեքենան ոստիկանները նկատել են եւ սկսել են հետապնդել, կարճատեւ հետապնդումից հետո, վարորդը կանգնեցրել է մեքենան, ապա հետընթացով հարվածել պարեկային մեքենային: Այդ պահին ոստիկանները կրակել են:Արթուր Պապյանը տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողի վրա զինված հարձակման համար: Կնոջ մեղադրանքները չէին հաստատվել, հակառակը, նրան էին ձերբակալել մարմնավաճառության մեղադրանքով։

Իսկ Պապյանին միայն ոստիկանի կյանքին սպառնալու մեղադրանք էր առաջադրվել։ Նա դատարանի առջեւ կկանգնի ապրիլին։