«Իսլամական պետություն» խմբավորումը արդյունաբերական մասշտաբով պայթուցիկ սարքերի արտադրության համար բաղադրիչներ է ստանում աշխարհի 20 երկրների 51 ընկերություններից։ Նման տվյալներ են ներկայացված Conflict Armament Research (CAR) ՀԿ զեկույցում։
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 2014թ. հուլիսից 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածը։ Հետազոտության հիմքում ընկած են եղել Իրաքի, Քիրքուք, Մոսուլ եւ Թիքրիթ շրջաններում, ինչպես նաեւ Սիրիայի Քոբանիում հայտնաբերված պայթուցիկների բեկորները, փոխանցում է Gazeta-ն։
ԻՊ-ին ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչների մատակարարման հիմնական աղբյուրը Թուրքիան է։ Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են այս երկրի 13 ընկերությունների մատակարարած բաղադրիչներ։ Այդ ընկերություններից 8-ը միջնորդներ են, որոնք վերավաճառում են այլ երկրներում արտադրված արտադրանքը։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 8 ընկերություններով, հետո գալիս է ԱՄԷ-ն՝ (7 ընկերություն), Իրաքը՝ 5, Ճապոնիան եւ Չինաստանը՝ 2-ական։ Մեկական ընկերություն ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Բրազիլիան, Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լիբանանը, Ավստրիան, Չեխիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Եմենը եւ Վիետնամը։





























