Բրիտանական JKX Oil & Gas Plc. ընկերության ղեկավար Թոմ Ռիդը ծրագրում է 270 մլն դոլարի դատական հայց ներկայացնել Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ հարկերի բարձրացման համար, գրում է Financial Times-ը:

«Մենք կցանկանայինք հնարավորինս շուտ կարգավորել Ուկրաինայի կառավարության հետ մեր տարաձայնությունները»,- ասել է նա: Ռիդի խոսքով, հայցի գումարը արտացոլում է հարկերի բարձրացման հետեւանքով ընկերության կողմից արված գերավճարները: Նշում են, որ JKX–ն նույնիսկ պատրաստ է որոշակի գումար զիջել, միայն թե ընկերությանը չխանգարեն հանգիստ զբաղվել հորատման ու նավթի ու գազի արդյունահանման աշխատանքներով:

JKX Oil & Gas Plc-ը Ուկրաինայի Պոլտավյան գազանավթային ընկերության սեփականատերն է, որը երկրի խոշորագույն ոչ պետական նավթ ու գազ արտադրողներից է: Այն նաեւ Իգնատովի, Մոլչանովի, Նովո Նիկոլաեւի ու Ռուդենկովի նավթագազային հանքավայրերի մշակման արտոնագրեր ունի:

Ըստ թերթի տեղեկությունների՝ անցած տարվա առաջին կիսամյակում մինչեւ հարկերի վճարումը JKX Oil & Gas Plc-ի կորուստները 13 մլն դոլարի էին հասնում: Ընդ որում ընկորության բաժնետոմսերի գինը նվազել է 7.6 տոկոսով, իսկ դրա շուկայական արժեքը կազմել է 42 մլն ֆունտ (ավելի քան 58 մլն դոլար), հայտնում է Gazeta–ն:

2015 թ. փետրվարին JKX Oil & Gas Plc-ը արբիտրաժային դատավարություն էր սկսել Ուկրաինայի կառավարության դեմ: Ընկերությունը Կիեւին մեղադրել էր ներդրումների պաշտպանության վերաբերյալ միջազգային եւ երկկողմանի համաձայնագրերը խախտելու մեջ: Ընկերությունը 180 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում իր կորուստների համար, որոնք կրել է Ուկրաինայի կողմից պատավորությունների խախտման հետեւանքով: Ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, Հաագայի դատարանում գործի քննության տարեկան ծախսերը 2 մլն դոլարի են հասնում:

JKX Oil & Gas Plc-ն աշխատում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում ու Սլովալիայում: