Youtube-ում տեղադրված հայտնի տեսանյութում բռնություն կիրառող սպայի նկատմամբ, Գլխավոր դատախազության ցուցումով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանազանցություն) հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, քննությունը վարում է պաշտպանության նախարարության քննչական ծառայության Հատուկ կարեւորագույն գործերով  քննչական բաժինը:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, հայ զինվորներին բռնություն կիրառող սպայի անունը Սասուն Գալստյան է: Նա մայորի կոչում ունի եւ «Եղնիկներ» զորամասում գումարտակի հրամանատարի տեղակալն է:

Նշենք նաեւ, որ արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել էր, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները youtube-ում տեղադրող անձինք: