«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ամբաստանյալներ Միքայել Միքայելյանն ու Մինաս Մկրտչյանը երկրորդ անգամ համաներմամբ ազատ արձակվեցին:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 29-ին որոշում է կայացրել քրեական գործը կարճել եւ ամբաստանյալներին համաներմամբ ազատ արձակել:

Հիշեցնենք, որ զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ  376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք էր առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին եւ նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին:

2015թ. փետրվարի 5-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճել համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն: Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան: