Լավիայում կընթանան ՆԱՏՕ-ի Crisis Management Exercise 2016 զորավարժությունները, որոնց ընթացքում կստուգեն լատվիացի պաշտոնյաների` անվտանգության սպառնալիքներին հակազդելու կարողությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին http://tass.ru/ հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անետե Գնեզեն:
«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների, ինչպես նաեւ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ զորավարժությունները կընթանան մտացածին սցենարի համաձայն, որը կապված է ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ եւ 5-րդ հոդվածների հետ: Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի կունենան մարտի 9-ից 16-ին, կգնահատվի ժամանակակից սպառնալիքներին համակողմանիորեն պատասխանելու ՆԱՏՕ-ի կարողությունը», - ասել է նա:
Գնեզեի խոսքով, Լատվիայի կողմից զորավարժություններին կմասնակցեն զինված ուժերի, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ քաղաքացիական մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի երկրները «իրար հետ միշտ կխորհրդակցեն», եթե դաշինքի անդամ երկրներից որեւէ մեկի քաղաքական անկախությանը կամ անվտանգությանը որեւէ վտանգ սպառնա: Այդ փաստաթղթի 5-րդ կետի համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում դաշինքի վրա ընդհանուր առմամբ:
ՆԱՏՕ-ն արդեն 20 տարի է` անցկացնում է Crisis Management Exercise զորավարժությունները: Լատվիայում, ճշտել է Գնեզեն, նախկինում նման զորավարժություններ անցկացվել են 2015-ին, ինչպես նաեւ 2011 եւ 2012 թվականներին:





























