ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունների իրականացման համակարգ ստեղծելու եւ հրադադարի համաձայնագրին հետեւելու մասին: Այս մասին փետրվարի 29-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք պայմանավորվել ենք գործընթացի մասին, թե ինչպես դա իրականացնենք»,-ասել է Քերրին՝ նշելով, որ վերջին օրերին «մի քանի անգամ շփվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Նրա խոսքով, կողմերը «պայմանավորվել են համակարգի ստեղծման մասին, որը թույլ կտա  մեզ երաշխավորել, որ նախատեսված առաքելություններն իրականացվում է իսկապես միայն «Իսլամական պետության» կամ «Ջեբհաթ ան-Նուսրայի» դեմ»:

Քերրին նաեւ նշել է, որ Վաշինթոնն ու Մոսկվան «շատ լրջորեն են մոտենում հրադադարի համաձայնագրի խախտումների մասին տեղեկություններին»: «Մենք չենք պատրաստվում դա քննարկել հրապարակավ մամուլի համար: Մենք մտադիր ենք վերացնել այդ խախտումները»,-ասել է նա: