Եվրամիության առաջնորդները պայմանավորվելու ունակությունից զուրկ լինելու պատճառով կարող են ձախողել միացյալ Եվրոպայի շինարարությունը, որը կարող է նրանց համար Բաբելոնյան աշտարակ դառնալ, գրում է Reuters–ը:

Ինչպես աստվածաշնչյան Բաբելոնյան աշտարակի , այդպես էլ Եվրոպայի հավակնոտ շինարարությունը ձախողման շեմին է, քանի որ Եվրոպայի ժողովուրդները նույն լեզվով չեն խոսում:

Ու եթե եվրոպական այլ ճգնաժամերի ժամանակ տարաձայնությունների մասին հնարավոր էր միառժամանակ մոռանալ, կամ աստիճանաբար լուծել դրանք, ապա միգրացիոն ճգնաժամը հետաձգելու կամ հարթելու որեւէ ակնհայտ ուղի պարզապես գոյություն չունի:

Զարմանալի չէ, որ Եվրամիությունը չի կարողանում միասնական տեսակետի հանգել, երբ եվրոպական երկրների ներքին օրակարգերն այդքան տարբեր են, գրում է հոդվածագիր Փոլ Թեյլորը:

Գերմանիայում այս պահին վիոճում են, թե ինչպես է հնարավոր լուծել փախստականների խնդիրը՝ սահմանափակելով, կամ դադարեցնելով նրանց հոսքը: Ֆրանսիան ուրիշ խնդիրներ ունի՝ այն առայսօր ուշքի չի եկել փարիզյան ահաբեկչություններից ու հոդվածագրի կարծիքով, երկիրը հիմա իրեն պատերազմական վիճակում է զգում:

Մեծ Բրիտանիայում օրակարգում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեն է:

Եվրոպայի արեւելքում՝ Լեհաստանում, մարդիկ վիճում են սահմանադրական դատարանի ու լրատվամիջոցների լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ նոր կառավարության փորձերի, նաեւ «ռուսական սպառնալիքի» թեմաներով:

Կենտրոնական Եվրոպայում քննարկում են, թե ինչպես կարելի է դիմադրել Գերմանիայի ճնշմանը, որը պահանջում է ընդունել փախստականների մի մասին:

Իտալիայի ու Պորտոգալիաի հարավում զբաղված են սեփական տնտեսությունները ուշքի բերելով, իսկ Իսպանիայում՝ կատալոնական անջատողականությամբ, քաղաքական կաթվածով ու երկրի պառակտման վտանգով:

Երբ այդ երկրների առաջնորդները Բրյուսել են գալիս, նրանք հաճախ նույնիսկ չեն էլ իմանում, թե ինչ քննարկեն:

Տեղում իրադարձությունները չափից արագ են զարգանում, փաստում է հեղինակը: Մասնավորաես Ավստրիան փետրվարի կեսերին միակողմանի կարգով սահմանափակումներ մտցրեց երկրի տարածքով անցնող միգրանտների, նաեւ՝ ապաստան տրամադրելու խնդրանքով դիմումների ամենօրյա քանակի վերաբերյալ:

Հունաստանում տասնյակ հազարավոր փախստականներ են կուտակվել: Երկրի վարչապետը արդեն սպառնացել է արգելափակել Եվրամիության բոլոր հետագա համաձայնագրերը, եթե Աթենքի գործընկերները չօգնեն միգրանտների բաշխման հարցում:

Reuters-ը նշում է, որ ԵՄ երկրները զգալի չափով անտեսում են փախստականների քվոտաները, որոնք անցած տարի են ընդունվել: Հունգարիան հիմա մտադիր է հանրաքվե անցկացնել ու պարզել, արդյոք ինքը պետք է համաձայնի միգրանտներին ընդունել ըստ այդ քվոտաների:

Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան Անգելա Մերկելին օգնելու փոխարեն նախընտրում են մի կողմ քաշվել:

Ըստ հոդվածագրի, Եվրոպան ստիպված կլինի երկու տարով դադարեցնել շենգենյան համաձայնագրի գործողությունը, որպեսզի կանխի տարածաշրջանի լիակատար պառակտումը: Շենգենյան գոտու տարածքում ճամփորդողները նորից անձնագրային հսկողություն կանցնեն ու մանրակրկիտ ստուգումներ:

Այսպիսով, եվրոպական համագործակցության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ Շենգենը, «արհեստական կոմայի» վիճակ կմտցնեն, որպեսզի թույլ չտան, որ այն «միանգամից մահանա»: Ամենայն հավանականությամբ, սահմաններին երկար հերթերը, որոնք արդեն գրեթե 20 տարի է վերացել են, նորից կհայտնվեն:

Եթե Եվրոպայի թույլ առաջնորդները շարունակեն տարվել իրենց ներքին բանավեճերով, միությունը, որը հետպատերազմական ժամանակաշրջանում երկրների բարեկեցության հիմքն էր դարձել, կսկսի փլուզվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: