ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը, այսօր՝ մարտի 2-ին, Երեւանում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում է գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:
ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության միջեւ կայացած եռօրյա քննարկումները նվիրված էին Պլանավորման եւ Վերանայման Գործընթացի 2014-2015թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:
Մարտի 2-ին Ջոնաթան Փերիշին եւ իր գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես` գործընկերության նպատակների կատարման ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը արժեւորեց պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:





























