Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում կայացած «Պարենամթերքի եւ սննդի անվտանգության ու եվրասիական հողային գործընկերության միջազգային համաժողովի» լիագումար նիստում ԵՏՀ Ագրոարդյունաբերության քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ռոման Ռոմաշկինը զեկույց է ներկայացրել ԵՏՄ-ում սննդամթերքի անվտանգության վիճակի մասին։
Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ գյուղատնտեսական արդյունաբերության ծավալների կրճատումը նպաստել է ԵՏՄ երկրների արտաքին առեւտրի բարելավմանը։ 4 անգամ կրճատվել են երրորդ երկրներից կաթնամթերքի ներմուծման արժեքային ծավալները, երկու անգամ՝ մսի, ձկնեղենի եւ ըմպելիքի ներմուծումը։ Նախկինի պես ինքնապահովման ամենացածր մակարդակը պահպանվում է պտուղ-հատապտղային ապրանքների, մասնավորապես խնձորի դեպքում։
ԵՏՀ տվյալներով՝ ագրարային սեկտորում գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների, սերմերի, անասնակերի, պարարտանյութերի եւ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումից ամենից մեծ կախվածությունն ունի Հայաստանը՝ 27 տոկոս, իսկ ամենաքիչը՝ Ղրղզստանը՝ 5 տոկոս։ Միջինում ԵՏՄ երկրներում գյուղատնտեսության արտադրանքում ներմուծման ռեսուրսների տեսակարար կշիռը կազմում է 11 տոկոս։ Այդ պատճառով նպատակահարմար է մշակել ավելացված արժեքի շղթաների օպտիմալացման առաջարկները՝ հաշվի առնելով ներմուծումը ԵՏՄ-ում արտադրված համանման արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։
Համաժողովի կազմակերպիչը Սննդամթերքի անվտանգության եվրասիական կենտրոնն է։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Արմեն Հարությունյանը, Ղրղզստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրքինբեկ Չոդուեւը, ԱՊՀ երկրների եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։




























