Գերմանիայում արտաքսումից խուսափելու համար օդանավակայանի տերմինալից իրեն վայր նետած հայ դպրոցական Էդգարի ծնողները Գերմանիայում են մնալու։ Նրանք այդ երկրում ծնված նորածին երեխա ունեն, ինչը թույլ է տալիս որոշ ժամանակ ապրել այնտեղ։ Իսկ ահա Գերմանիայից վտարված ավագ դուստրը՝ էլինան, այսուհետ մոր հետ կարող է խոսել 3 հազար կմ հեռավորության վրայից։
«Մինչեւ հիմա ձեռքերիս վրա կապտուկներ են մնացել, ոստիկաններն այնքան կոպտորեն ինձ հրեցին օդանավ։ Ես ասացի նրանց, դուք իրավունք չունեք ինձ դիպչել։ Նրանք ասում էին, որ դու այլեւս այստեղ չես կարող մնալ։ Ես պատրաստվել էի, իմ ապագայի համար պլաններ էի կազմել։ Ես մեկ տարում գերմաներեն սովորեցի»,- լրագրողների հետ զրույցում ասել է 20-ամյա Էլինան։
Հայ ընտանիքը Գերմանիա էր տեղափոխվել 2011թ.։ Հայրը որպես մեխանիկ էր աշխատում։ Երեխաները դպրոցում կրթություն ստանալու իրավունք էին ստացել։ Էդգարի համադասարանցիների համար իշխանությունների որոշումն անհասկանալի է։ «Էդգարը ջանասեր աշակերտ է, բարձր առաջադիմություն ունի։ Նա դպրոցի լավագույններից մեկն է։ Գերմանիան նման մարդկանց կարիքն ունի»,- ասել է Էդգարի համադասարանցին։
Ընտանիքը քաղաքական ապաստան էր խնդրել Գերմանիայից, սակայն քանի որ Հայաստանը անվտանգ ծագումով երկիր է համարվում, Միգրացիոն ծառայությունը որոշել էր վտարել Էդգարին եւ Էլինային։
Ընտանիքի փաստաբանը, սակայն, պատրաստվում է բողոքարկել որոշումը։ «Նրանք հասարակությանը ինտեգրվելու մեծ պատրաստակամություն են հայտնել, ուստի հանրությունը պետք է ձեռք մեկնի նրանց եւ ասի, որ ուզում է նրանց պահել»,- ասել է փաստաբանը, որը պատրաստվում է պայքարել նրանց կեցության իրավունքի համար»,- ասել է նա։
Հիվանդանոցում գտնվող Էդգարի ապագան կորոշվի մոտ օրերս։
Լուսանկարը՝ Bild-ի



























