NEWS.am-ը ներկայացնում է ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ալեքսանդրի Սորոկինի հետ հարցազրույցը։
Ամփոփելով Հայաստանում ձեր առաքելությունը` ինչպե՞ս կգնահատեք այստեղ ձեր գտնվելու ընթացքում ԵԱՀԿ-ի աշխատանքը ։
ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում, իսկ դա 4 տարի է, շատ աշխատանք է կատարվել: Մեր մանդատի շրջանակում մենք Հայաստանին, ինչպես պետական կառույցներին, այնպես էլ քաղաքացիական հասարակությանը աջակցել ենք եւ շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ-ի արժեքների առաջ մղման, ստանձնված պարտավորությունների կատարման գործում բոլոր երեք չափումներում` ռազմաքաղաքական, տնտեսաբնապահպանական եւ ոչ պակաս կարեւոր` մարդկային: Այս ընթացքում երկրի համար կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, հենց վերջերս տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն: Մեր գործունեությունն ուղղված էր երկրին տարբեր ոլորտներում եւ տարբեր եղանակներով աջակցելուն: Այսպես, օրինակ, ընտրությունների ընթացքում մենք Եվրամիության ֆինանսական աջակցության մեծ նախագիծն իրականացրեցինք, որի շրջանակում թրեյնինգներ կազմակերպվեցին ընտրական հանձնաժողովի անդամների, լրագրողների համար, մենք քաղաքացիական հասարակությանն աջակցում ենք ընտրություններին հետեւելու գործում, սեմինարներ եւ համաժողովներ ենք կազմակերպել ընտրական գործընթացի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը մեծացնելու նպատակով: Կան նաեւ այլ ոլորտներ, ինչպես օրինակ կանանց ներգրավումը քաղաքական եւ տնտեսական գործընթացներին: Այսպես, մեր աջակցությամբ Սյունիքում կանանց ռեսուրս կենտրոնների ցանց է ստեղծվել, որոնք կանանց օգնում են աշխատանք գտնել: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ երիտասարդությանը մեր նախագծերում ներգրավելուն:
Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր հաջորդին եւ հայտնի՞ է թեկնածուն։
Կուզեի իմ հաջորդին մաղթել, որ շարունակի այն, ինչ արդեն սկսված է` նախագծեր մշակելով արդեն ստեղծված հիմքի վրա. առանցքային գործընկերների` Ազգայի ժողովի, Պաշտպանության նախարարության, ՄԻՊ-ի ինստիտուտի, քաղաքացիական խմբերի եւ միջազգային հանրության հետ արդյունավետ համագործակցության: Արգո Ավակովը վերջերս նշանակվել է ԵԱՀԿ-ի գործող ղեկավարության կողմից եւ շուտով կանցնի իր պարտականություններին:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։
Ուզում եմ հայ ժողովրդին նախ եւ առաջ առողջություն մաղթել, ինչպես նաեւ խաղաղություն եւ բարգավաճում: Հայաստանում ես շատ ընկերներ եմ թողնում, ես միշտ կհիշեմ նրանց եւ ուրախ կլինեմ նորից հանդիպել:
Վերջապես կուզեի ձեզ հետեւյալ տեղեկությունը ներկայացնել: Հայաստանում դիվանագիտական հանրությունը լավ ավանդույթ ունի. երբ ավարտվում է դեսպանների եւ տարբեր դիվանագիտական ներկայացուցիչների ծառայությունը Հայաստանում, դեսպանները փող են հավաքում եւ մեկնողների համար նվերներ են գնում: Երբ ինձ հարցրին, թե ինչ նվեր կուզեի, խնդրեցի ինձ տրամադրել հավաքված ոչ փոքր գումարը, որովհետեւ ցանկանում էի բարեգործության համար օգտագործել դա: Ես գիտեմ «Կյանք նվիրիր» հայկական հիմնադրամի մասին, որը ստեղծվել է 2009-ին ուռուցքային, հեմատոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելու նպատակով: Հիմնադրամի գլխավոր նպատակը Հայաստանում երեխաներին օգնելն է, որ լիարժեք բուժում ստանան: Այդ հիմնադրամի պատվավոր նախագահը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: Ահա, ես որոշել եմ ինձ համար հավաքված 500 000 դրամը նվիրաբերել այդ հիմնադրամին: Եթե այդ նվիրատվությունն օգնի փրկել թեկուզ մի երեխայի կյանքը, դա արդեն լավ եւ բարի նպատակի կատարում է: Հույս ունեմ, որ մյուս դեսպանները կհետեւեն իմ օրինակին:





























