Ամերիկյան Բոսթոն քաղաքի  (Մասաչուսեթսի նահանգ) Դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է ցմահ բանտարկության դատապարտված տեղացի գանգստերի  փաստաբանների`   իրենց պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատական գործընթաց իրականացնելու խնդրանքը:    

1970-1990-երին Բալջերը, որը հայտնի է Ուայթի մականունով, Բոսթոնի հանցավոր աշխարհի փաստացի առաջնորդն էր: Միաժամանակ նա ՀԴԲ-ի գաղտնի իրազեկիչ էր եւ պարբերաբար մատնում էր այլ քրեական հեղինակությունների` այդպիսով գործունեության դաշտ բացելով իր ավազակախմբի գործունեության համար:   

1990-ին բոսթոնյան մաֆիայի անպատժելիությամբ հետաքրքրվեց ԱՄՆ-ի` թմրանյութի  տարածման դեմ պայքարի դաշնային վարչությունը: Տեղի ոստիկանության հետ միասին նրանք սեփական հետաքննությունն անցկացրին` այդ մասին չտեղեկացնելով ՀԴԲ-ին: Բալջերը կարողացավ թաքնվել: 2011-ի հունիսին նա ձերբակալվեց, իսկ երկու տարի անց դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց 11 մարդու սպանության համար եւ դատապարտվեց  ցմահ բանտարկության երկու պատժաժամկետի: 

Փաստաբանները պնդում են, թե Բալջերի նկատմամբ իրականացված դատը չի կարող արդարացի համարվել: Դատի ընթացքում իրենց հաճախորդին թույլ չտվեցին ցուցմունք տալ, ինչի ընթացքում նա պիտի պատմեր 2009-ին մահացած դատախազ Ջերեմի Սալլիվանի հետ կնքած գործարքի մասին:  1980-ներին Սալիվանն իբր Բալջերին դատական   անձեռնմխելիություն էր խոստացել: 

Սակայն Բոսթոնի դատարանը որոշեց, որ Սալիվանը գանգստերին նման անձեռնմխելիություն տրամադրելու իրավասություն չի ունեցել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

86-ամյա Բալջերն իր պատիժը կրում է Ֆլորիադայի նահանգի բանտերից մեկում: