ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարի համար B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ կուղարկի: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները:
Միջուկային սպառազինություններով հարվածներ հասցնող օդանավերը ապրիլին կմիանան արմատականների դեմ օդային գործողություններին: Ամերիկյան օդուժում B-52-ը կփոխարինի B-1 Lancer ռմբակոծիչներին: Stratofortress-ի քանակի ու անձնակազմի թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրաքում եւ Սիրիայում գործարկված վերջին B-1-ը ԱՄՆ ավիաբազա էր վերադարձել դեռ հունվարին: Դրանք իրականացրել են ԻՊ-ի դեմ պայքարի մարտական թռիչքների 3 տոկոսը, սակայն դրա հետ մեկտեղ Lancer-ը գրոհայինների վրա նետել է ռումբերի 40 տոկոսը: Դրանք ամռանը պետք է մոդերնիզացվեն:
Lenta-ի տեղեկություններով՝ նախկինում Սիրիայում իսլամիստների դեմ ռազմավարական ավիացիա օգտագործել էր միայն Ռուսաստանը:





























