ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկել է խորհրդարանական վեհաժողովների հեռացող անդամների գործունեության սառեցման ժամանակահատված սահմանել` շահերի բախումներից խուսափելու համար: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Փարիզում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հավանություն է տվել եվրոպական կառույցների աշխատանքի թափանցիկության եւ հրապարակայնության վերաբերյալ զեկույցին: Ես առաջարկել եմ կոչ անել եվրոպական խորհրդարանական վեհաժողովներին, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ին, ուղղում մտցնել վեհաժողովների հեռացող անդամների իրավունքներում եւ սառեցնել նրանց լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վեհաժողովի մյուս անդամների շահերի բախումներից, ինչը մենք ունեցանք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի սկանդալային զեկույցի դեպքում»,- գրել է Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերթ Ուոլթերի` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով հակահայկական զեկույցը: Զեկույցին կողմ էր քվեարկել 66, դեմ` 70 պատվիրակ: ԵԽԽՎ լիագումար նիստում այդ զեկույցի քննարկման պահին Ռոբերտ Ուոլթերի լիազորությունները` որպես ԵԽԽՎ անդամ, դադարեցվել էին:




























