«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ամենահաճախ հանդիպող արտահայտություններից մեկը լինելու է «կանանց միամսյակը», որը Հայաստանում «պաշտոնապես» սկսում է Մարտի 8-ով եւ շարունակվում մինչեւ Ապրիլի 7: Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը Հայաստանի անկախ պետականության ընթացքի, նորագույն պատմության, ըստ էության, խտացված խորհրդանիշներն են: Ըստ էության, կարող ենք ասել, որ սկսվում է Հայաստանի «նորագույն պատմության ախտորոշման» միամսյակը:
Նորանկախ Հայաստանում որոշում կայացվեց հրաժարվել Մարտի 8-ից, քանի որ այն «կարմիր» տոն էր՝ իր թե՛ պատմությամբ, թե՛ գաղափարախոսությամբ: Համենայնդեպս, այդպիսին էր հանրային ընկալումը, իսկ անկախ պետականության ձեւավորումը ենթադրում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլ նաեւ հասարակական-հոգեբանական խորհրդանիշների անկախացում:
Եվ այս իմաստով Հայաստանում կանանց տոն հռչակվեց Ապրիլ 7-ը, որը հայաստանյան, հայկական ծագումով տոն էր, հետեւաբար բացի կանանց հանդեպ ուշադրության առիթից, հանդիսանում էր նաեւ նորանկախ պետության խորհրդանիշ: Սակայն Ապրիլի 7-ը կարճ կյանք ունեցավ, եւ վերստին առաջնային պլան եկավ Մարտի 8-ը, բայց ոչ թե որովհետեւ այդպես ուզեց հասարակությունը, այլ որովհետեւ «էլիտան» ուզեց խաղալ հասարակությանը հաճոյանալու էժանագին հնարքներով: Եվ սա վերաբերում էր ոչ միայն Մարտի 8-ին, այլ ընդհանրապես վարվող պետական քաղաքականությանը:
Եվ այսօր առավել քան երբեւէ մենք ականատես ենք այն իրողությանը, որ նորանկախ Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում ավելի շատ ԽՍՀՄ-ին է մոտեցել, քան հեռացել է այդ կայսրությունից եւ ձեւավորվել որպես անկախ, ինքնիշխան ու մրցունակ պետություն:
Սա, իհարկե, նորագույն պատմության ընդհանրացման մի փոքրիկ փորձ է, որն անկասկած չի հավակնում լինել այդ պատմության լիարժեք ախտորոշում, սակայն, անշուշտ, հանդիսանում է դրա ընթացքը ակամա բնորոշող խոսուն դրվագներից մեկը:
Կանայք, բնականաբար, այստեղ կապ չունեն, նրանք արժանի են ուշադրության, սիրո, հարգանքի եւ մեծարանքի ամբողջ տարին: Առավել եւս, որ «կանանց միամսյակը» այս տեսանկյունից լիովին հակառակն է, եւ առերեւույթ մեծարվելով՝ խորքային առումով կանայք դրա հետեւանքով հայտնվում են որոշակիորեն հետ մղված դիրքում:
Սակայն առերեւույթի եւ խորքայինի նրբերանգային տարբերությունները գիտակցում եւ դրա հետեւանքով կարծրատիպային ընկալումները հաղթահարում են իրավագիտակից հասարակությունները, որտեղ խնդիրներն ու երեւույթները ենթարկվում են ռացիոնալ դիտարկման, ոչ թե զգայական շահարկումների, որոնց միջոցով միանգամայն ռացիոնալ ամբողջատիրական «էլիտաները» կառավարում են հասարակություններին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























