Սիսիանի շրջանի Տորունիք համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանը, որն այդ պաշտոնում է արդեն 10 տարի, նախկին գյուղապետի խորհրդով է դարձել գյուղապետ ու չի փոշմանել:

2006 թվականն էր, նախկին գյուղապետը գյուղացիների հետ հանդիպումներից հասկանում է, որ գյուղապետի առաջիկա ընտրություններում նրանց քվեներն այլեւս չի ստանա, եւ խորհուրդ է տալիս իր քարտուղարուհուն առաջադրել թեկնածությունը: Այդ ժամանակվանից մինչ օրս 61-ամյա Անահիտ Հակոբյանը Տորունիքի համայնքապետն է:

NEWS.am-ի հետ զրույցում Տորունիքի առաջին կին համայնքապետը նշեց, որ խորհուրդ-առաջարկն ստանալուց հետո սկզբում մի փոքր երկմտել, ապա խորհրդակցել է ամուսնու հետ, ստացել նրա համաձայնությունը, առաջադրել է իր թեկնածությունը գյուղապետի ընտրություններում եւ հաջողել ընտրապայքարում: «Ինձնից առաջ ղեկավարողն ասաց`Անահիտ դու փորձ ունես, 1991թ. գյուղապետերի հետ ես աշխատել, քո մեջ ուժ գտի ու առաջադրվի: Ճիշտն ասած`ռիսկս չէր հերիքում, հետո հարեւան համայնքի ղեկավարներից էլ խորհուրդ հարցրի, բոլորը կողմ էին: Ես էլ ամուսնուս հետ խոսեցի, ասաց` փորձենք, կընտրվես, կընտրվես, չես ընտրվի, կմնաս որպես քարտուղար: Ու առաջադրվեցի, ճիշտ է` մեծ պայքար էր, բայց ընտրվեցի»,-անկեղծանում է Անահիտ Հակոբյանը:

Նրա խոսքով, որեւէ տարբերություն չկա` համայնքի ղեկավարը տղամարդ է, թե կին: Երկուսի դեպքում էլ պաշտոնավարման ընթացքում դժվարություններ եւ անհաջողություններ լինում են, պարզապես պետք է ստանձնած պարտավորությունը պատվով կատարել: «Ի՞նչ տարբերություն տղամարդ է, թե՞ կին: Եթե ստանձնում ես այդ պարտավորությունը, պետք է աշխատես` անկախ նրանից քեզ դժվարություններ կհանդիպեն, թե բարդություններ կառաջանան: Պետք է շատ դժվար տեղերով անցնելու ձեւեր գտնես, որ չվնասես ոչ քեզ, ոչ դիմացինին»,-ասում է կին համայնքապետը:

Անահիտ Հակոբյանն   ավագանու անդամների մեջ շատ կանանց է ներառել, որքան էլ նրանց մոտ թերահավատություն եւ վախ է նկատում, մշտապես հորդորում է ծանոթանալ եւ տիրապետել գյուղապետ լինելու բոլոր նրբություններին` կոտրելով կարծրատիպը, թե կնոջից ղեկավար դուրս չի գա:

Նրա խոսքով` համայնքապետ լինելը երբեք իրեն չի խանգարել կին լինել, հոգ տանել ընտանիքի, չորս երեխաների եւ մեծ տնտեսության մասին: «20 տարեկանից ամուսնացել եմ, ու աշխատանքի անցել, սկեսուրս միշտ մեծ հոգատարությամբ օգնել է ինձ: Միայն նախածննդյան եւ հետծննդյան 40 օրն եմ տանը մնացել: Բայց ամեն ինչ էլ հասցրել եմ: Մի քիչ ուշ ես քնում, շուտ արթնանում, ու ամեն ինչ հասցնում ես` ճաշ էլ ես պատրաստում, լվացք էլ անում, նույնիսկ մեծ տնամերձ հողամասի գործերն ես հասցնում: Համայնքն էլ է ընտանիք, այնտեղ էլ պետք է մայր լինես»,-ասում է կին համայնքապետը:

Անահիտ Հակոբյանն իրեն բախտավոր կին է համարում. ամուսինը ոչ միայն խրախուսում է նրա գործունեությունը, այլեւ պատրաստ է ժամեր շարունակ անտրտունջ սպասել կնոջը. նրա անձնական վարորդն է: «Մենք անընդհատ իրար հետ ենք, շատ սիրով ենք: Ի զարմանս բոլորի` նա կարող է ժամերով սպասել ինձ, կլինի խորհրդակցություն, սեմինար-պարապմունք, թե հանդիպում: Իմ ամուսինը հանգիստ կսպասի այնքան, մինչեւ ես ավարտեմ գործս: Ունեմ նաեւ գյուղապետ ընկերներ, որոնք ամուսնուս ասում են` դու հանգիստ մնա, Անահիտը այսօր մեզ հետ է լինելու, էլի խնդիր չկա»,-ասում է կին համայնքապետը:

Անահիտ Հակոբյանի գործունեությունը խրախուսում են նաեւ նրա չորս դուստրերը եւ տասը թոռները: Կին համայնքապետը նույնիսկ առաջարկել է իր դուստրերին հետեւել իր օրինակին եւ դառնալ գյուղապետ, սակայն նրանց մոտ իր վճռականությունը չի նկատում: «Իրենք սիրում են, որ ես այս աշխատանքն եմ կատարում, բայց այդ ռիսկը ոնց որ թե չկա իրենց մոտ: Իրենց չեն պատկերացնում այս պաշտոնում, հետո ամուսնուց էլ է ամեն ինչ գալիս: Թոռներս ասում են` հպարտ ենք, բայց չէինք ուզի, որ մեր մամաներն էլ գյուղապետ լինեին»,-ասում է տիկին Հակոբյանը` նշելով, որ եւս երկու տարի ունի պաշտոնավարելու, որից հետո այլեւս չի առաջադրվի, ցանկանում է գնալ թոշակի` վայելելու իր վաստակած հանգիստը: Անահիտ Հակոբյանը շնորհավորում է բոլոր հայ կանանց միամսյակը, եւ խորհուրդ տալիս նրանց օգտագործել իրենց խելքը եւ պաշտոններ զբաղեցնել, մանավանդ որ ՀՀ Կառավարությունը բնավ էլ դեմ չէ կին պաշտոնյաներին: