Երեւանցի 25-ամյա Արմենի «օձի լեզուն» Գերմանիայից Հայաստան է բերել ռուս Կարինային: Skype-ի միջոցով զույգի մեկամյա շփումը վերաճել է սիրո եւ «99 տոկոսանոց» ամուսնության: NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ Կարինայի հայրը սկզբում դեմ է եղել, որպեսզի աղջիկը Հայաստան գա, ասել է` հայ է, քեզ «լավ չի նայի, կծեծի», սակայն աղջիկը հորը չի լսել եւ եկել է իր «չտեսնված» սիրո մոտ:

Արմենի մայրն ու քույրն էլ առանձնապես կողմ չեն եղել Կարինայի`Հայաստան գալուն. «մենք ռուս հարս չենք ուզում», բայց, կարծես թե, մեծ սիրով հյուրընկալել են աղջկան իրենց տանը: Կարինայի «Մամա, ես կեզ սիռում եմ»-ն ու պարբերական համբույրախառն գրկախառնությունները Արմենի մոր սիրտը, կարծես, մի թեթեւ փափկեցրել են, վճռական «ոչ»-ը դարձրել` «բայց լավ աղջիկ ա, աման-չաման ա լվանում, տուն մաքրում, տղուս սիրտը հո չեմ կոտրելու, իր կյանքն ա, ում ուզում ա, թող առնի»:

Տիկին Անահիտը հոգու խորքում, սակայն, հույս ունի՝ Կարինան, որը երկու շաբաթով է եկել Հայաստան, ավելի ուշ կրկին վերադառնալու մտադրությամբ, կվերադառնա Գերմանիա եւ այլեւս չի գա: «Նա էստեղ մնացողը չի, թող մինչեւ 12-ը նստի, սպասի, որ Արմենը գործից գա, տեսնեմ`կդիմանա՞, չի դիմանա: Հետո լավ կյանք տեսած ա, Հայաստանն էլ դուրը չի եկել, հարցրել եմ»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Անահիտը:

Իսկ Արմենը վճռական է տրամադրված, կատակում է` «Հեսա հետադարձի տոմսը ճղելու եմ, որ հետ չգնա: Իմաստ չկա` նորից գնա, երեք ամսից գալու ա»:

NEWS.am-ի հետ զրույցում Կարինան ասում է`Հայաստանը դուր չի եկել, բայց Արմենին սիրում է, մտածում է` նրան Գերմանիա տանել, այնտեղ խոհարարները լավ են վաստակում: Որդուն Գերմանիա տանելու միտքն ավելի է զայրացնում Արմենի մորը: «Որ գնաց, ես մենակ էստեղ ի՞նչ եմ անելու: Ասում ա` քեզ էլ կտանեմ, ես գնամ էնտեղ ի՞նչ անեմ, պառավեմ, նստե՞մ, չէ, համաձայն չեմ»,-ասում է տիկին Անահիտը:

Արմենի հորաքույրները երկու ձեռքով կողմ են թե ռուս հարսին, թե նրա հետ եղբորորդու` Գերմանիա մեկնելուն: Կարինայի ծնողները եւ քույրն էլ են ցանկանում Արմենին տանել իրենց մոտ: Արմեն ասում է. «Սիրում եմ, հետը պիտի լինեմ, ուզում է` Հայաստանում լինի, ուզում է` Գերմանիայում, ուզում է` Լուսնի վրա»: Կարինան շուտով կվերադառնա Գերմանիա, իսկ թե ինչ ավարտ կունենա նրա եւ Արմենի սկզբում վիրտուալ, իսկ հիմա արդեն իրական սիրո պատմությունը, պարզ կլինի ամիսներ անց: