Ընդունելով Մարտի 8-ը որպես տոն՝ մնացած 365 օրերի ընթացքում կանայք բազմաթիվ խտրականությունների ու բռնությունների են ենթարկվում: Այս մասին այսօր` մարտի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆեմինիստ պլատֆորմի ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանը:
Ամենաառաջին խտրականությունը, որին բախվում է աղջիկը դեռ չծնված` գոյություն ունենալ-չունենալու հարցն է, երբ սեռն իմանալուց հետո ծնողները որոշում են` երեխան կապրի, թե ոչ:
«Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում սեռով պայմանավորված աբորտների թվով, իսկ Գեղարքունիքի մարզն առհասարակ առաջինն է աշխարհում»,- ասաց Էլվիրա Մելիքսեթյանը:
Նրա կածիքով` եթե աղջկան հաջողվում է ծնվել, ապա նա խտրական վերաբերմունքի է բախվում արդեն ընտանիքում, երբ նրան պարտադրվում են սեռային որոշակի դերեր:
«Առհասարակ այն, որ հայ կնոջը նույնականացնում են մոր հետ, այն կարծիքը, որ հայ կինը նախեւառաջ հայ է, հետո կին, մեծ տաբու է, որովհետեւ ոչ մի մարդ չի պատկանում որոշակի խմբի, նա ազատ է»,- նշեց նա:
Հասարակական կարծրատիպերը եւս լուրջ խոչընդոտներ են առաջացնում կանանց լիարժեք ինքադրսեւորման հարցում: Էլվիրա Մելիքսեթյանի խոսքով` աղջիկների համար մասնագիտական որոշ ոլորտներ շարունակում են փակ մնալ, նրանք համարվում են էժան աշխատուժ, ենթարկվում ընտանեկան բռնությունների:
«Կանայք այսօր 36 տոկոսով ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ, ու ոչ բոլոր ոլորտներում կարող են ներկայացվել: Մենք ունենք խնդիր քաղաքականության դաշտում, որովհետեւ կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման հարցում ընդամենը 8,3 տոկոս է, մինչդեռ կանայք բնակչության 52 տոկոսն են կազմում»,- ասաց Էլվիրա Մելիքսեթյանը:
Ֆեմինիստական պլատֆորմի ներկայացուցիչների կարծիքով`Մարտի 8-ը առիթ է ոչ թե կանանց նվերներ անելու եւ հաճոյանալու, այլ նրանց իրավունքները բարձրաձայնելու եւ պաշտպանելու համար:
«Մարտի 8-ը մեզանում ընդունված է որպես ծաղիկներ նվիրելու եւ հաճոյախոսություններ անելու օր: Մենք մերժում ենք այդ գաղափարը` ասելով` մեզ ծաղիկներ պետք չեն, մեր իրավունքները մի' ոտնահարեք»,- ասաց Էլվիրա Մելիքսեթյանը:





























