Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակները սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ աղոթել են հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Նրանք այցելել են նաեւ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ուր նրանց ընդունել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այստեղ խորհրդի անդամները ծանոթացել են թանգարանի ցուցադրություններին, գրանցում կատարել հուշամատյանում:  

Նույն օրը պատվիրակությունը եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որի տնօրեն Հրաչ Թամրազյանը նրանց ծանոթացրել է հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի գանձերին եւ արժեքներին:

Այնուհետեւ Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի անդամներն ուղեւորվել են  Հառիճավանք:

Պատվիրակությանը հյուրընկալել է նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում ուղեկցությամբ նրանք եղել են Վահանաբերդում, Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին եկեղեցում, այցելել թեմի սոցիալական կենտրոն:

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակները Էջմիածնի Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը, ապա հյուրընկալվել Խոր Վիրապի վանքում, ուր վանահայր Տ. Նարեկ աբեղա Ավագյանը ներկայացրել վանքի պատմությունը եւ ներկայիս գործունեությունը:

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր ճեմարանականները հանդես եկան հոգեւոր եւ ազգային երգերի կատարմամբ: