Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի մասնաճյուղը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ու Էրզրումի նահանգում գտնվող Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի մասնաճյուղի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, թե Ահմեդ Դավութօղլուի ու Էնվեր Բաշարանի դեմ դատական հայցեր են ներկայացվել ժողովրդի մի հատվածին այլ կրոնի ու ազգության պատկանող ժողովրդի մյուս մասի հանդեպ ատելություն ու թշնամանք հրահրելու համար։

Հայտարարության մեջ հիշատակվել է օրեր առաջ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերը, թե ներկայում քրդերը համագործակցում են ռուսների հետ այնպես դարասկզբին հայ «ավազակխմբերը» համագործակցում էին ռուսների հետ։

Հիշաակվել է նաեւ օրեր առաջ Աշքալեի քաղաքապետի կողմից կազմակերպված միջոցառումը՝ Աշքալեն հայերից «ազատագրելու» տոնակատարություններին ու դրա ընթացքում քաղաքապետի կողմից հայերի հանդեպ վիրավորական հայտարարույթանը։ «Քաղաքապետը հանցանք է գործել ու հանցանք գործելու քարոզչություն իրականացրել։ Այդ միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ երեխաներ, որոնց մոտ հայերի հանդեպ թշնամություն ու ատելություն է հրահրվել»,-նշվել է հայտարարության մեջ։