Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են «ITB’2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ITB’2016»-ը 50-րդն է իր պատմության ընթացքում եւ հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածից մոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաեւ՝ խոշոր գնորդների:
Հայկական ընկերությունները՝ «Արքայադուստր Մանե», «Էլիտար», «Վիվա Տուր», «Նուեվա Վիստա», «Լեւոն Թրավել Երեւան», «Սակվոյաժ Թրավել Գրուպ», «Ջեոգրաֆիկ Թրավել Քլաբ», «Ինտուր», «Սաբերատուր-Սեւան», «Արմենիա Թրավել + Մ», «Գերմինպեքս», «Արմինիուս» եւ «Նատուրա Տուր», ցուցահանդեսին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային բազմազան ուղղություններ եւ հարաբերական առավելությունները: Այսօր ցուցահանդեսի բացման օրը կազմակերպվել է հայկական «ԱրմԱս» գինու համտես:
«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են նաեւ փորձագետների դասախոսություններ, շնորհանդեսներ, ընդունելություններ, քննարկումներ, որոնք նույնպես, կարծում եմ, կարող են օգտակար լինել հայկական զբոսաշրջային ընկերությունների համար: Նրանք կարող են ծանոթանալ եւ հետագայում իրենց գործում կիրառել ոլորտի նորարարությունները, նոր գործարար կապեր ստեղծել, իսկ հետո նաեւ զբոսաշրջային նոր գրավիչ ուղղություններ կազմել դեպի Հայաստան»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:



























