«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ըստ հիշյալ ապահովագրական ընկերության գրության՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հետաքննիչը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին անհայտ անձի կողմից քաղաքացի Հեղինե Ղ.-ին պատկանող «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան անզգուշությամբ վնասելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելուց հետո, Հեղինե Ղ.-ն որոշման օրինակը ներկայացրել է ապահովագրական ընկերություն, սակայն բողոք չունենալու պայմաններում` պատճառված վնասի հատուցում նրան չի տրամադրվել:
Այնուհետեւ նույն հետաքննիչը, անձնական այլ դրդումներից ելնելով, նույն օրով թվագրված` քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ եւս մեկ որոշում է կայացրել, ստորագրել եւ Հեղինե Ղ.-ին փոխանցել, որում ներառել է վերջինիս կողմից հանցագործություն կատարած անձի դեմ արդեն բողոք ունենալու մասին կեղծ տեղեկություններ: Կեղծված որոշումը հատուցում ստանալու նպատակով Հեղինե Ղ.-ի կողմից ներկայացվել է հիշյալ ապահովագրական ընկերություն:
«Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























