Երեւանում մարտի 11-ին կընթանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որը կնախագահի Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Այս մասին մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ-ի առաջ դրված խնդիրները, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ շփման գծում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման նոր փորձ է ձեռնարկել։ Ես՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ներկայացում եմ այդ հարցում մեր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները նորից կհաստատեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների դիրքորոշումը, որի համաձայն՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես պետք է խաղաղ լուծում ունենա, եւ ռազմական լուծման ցանկացած փորձ դատապարտման է ենթակա»,- նշել է Շարմազանովը։




























