2016 թ. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Վ. Ա.-ը: Վերջինս ներգրավված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրան որպես թմրամոլության հակում ունեցողի հաշվառման վերցնելու համար: Նման պայմաններում դատապարտյալը զրկվում է վաղաժամկետ ազատվելու, մեկուսացվածության առավել ցածր մակարդակով՝ ուղղիչ հիմնարկով փոխարինելու՝ իր իրավունքներից:
Հիմք ընդունելով դատապարտյալի դիմումը՝ 2016 թ. փետրվարի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ տեսակետ հայտնելով, որ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ վարվող վերոնշյալ քաղաքականությունը ենթակա է վերացման, ինչը հիմնավորվել է մի շարք հանգամանքներով:
2009 թ. ՀՀ-ում մեկնարկեց «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված «Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույցի» համաձայն, ինչը փաստում է այն մասին, որ ՀՀ-ում մեթադոնը կիրառվում է գերազանցապես բուժական նպատակներով:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, մեթադոնային փոխարինող բուժումը տալիս է դրական արդյունքներ. բարելավվում է թմրամիջոց գործածող անձի կյանքի որակը, նվազում է ապօրինի թմրամիջոցներից կախվածությունը, ի վերջո՝ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում թմրամիջոց գործածող անձը կարող է լիովին հրաժարվել նաեւ մեթադոնից:
Փաստորեն, չնայած նրան, որ տվյալ դեպքում մեթադոնը կիրառվում է միմիայն բուժական նպատակներով, այնուամենայնիվ մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձինք դիտարկվում են որպես թմրամիջոց գործածողներ եւ ենթարկվում նույն քաղաքականությանը, որը կիրառվում է վերջիններիս նկատմամբ:


























