Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հնարավոր է՝ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով առաջիկայում դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Cilicia TV-ի փոխանցմամբ՝ մարտի 5-ին Ժնեւում ՝ Արամ Ա-ի առաջարկով ու գլխավորությամբ` մարտի 5-ին տեղի է ունեցել կաթողիկոսության իրավական խմբի հանդիպումը, որի ընթացքում հիմնականում քննարկվել է Թուրքիայի Սահմանադրական դատարանում նշյալ հարցի գործընթացն արագացնող հանգամանքները, ինչպես նաեւ ՄԻԵԴ դիմելու հավանականությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական դատարան էր դիմել դեռեւս 2015թ. ապրիլի վերջին: Գրեթե մեկ տարի անց թուրքական դատարանը որեւէ քայլ չի ձեռնարկել, ավելին մարտի 1-ին կաթողիկոսարանի փաստաբանը հուշագիր էր հղել` պահանջելով դատական ունկնդրության նիստ, սակայն դեռեւս պատասխան չկա:
Ժնեւում հրավիրված քննարկման ժամանակ իրենց կարծիքներն են հայտնել նաեւ թուրք փաստաբանները: Պարզվել է, որ այս կան Թուրքիայի Սահմանադրական դատարանում մեծ թվով գործեր են քննվում: Այդ իսկ պատճառով, հայկական կողմը մտավախություն ունի, որ թուրքական կողմը «ոչ առաջնահերթ» դիտարկի ու ձգձգի այս գործի քննությունը, քանի որ քաղաքական բնույթի հարց է:
Հանդիպման վերջում որոշվել է շարունակել հուշագրեր ներկայացնել թուրքական դատարան, միեւնույն ժամանակ չի բացառվել, որ «տրամաբանական ժամանակ» սպասելուց հետո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ-ին, որի Կանոնադրության համաձայն՝ որևէ դատական գործի համար հատկացված «տրամաբանական ժամանակ»-ի խախտման դեպքում դիմել իրենց: Հայկական կողմն արդեն սկսել է ՄԻԵԴ-ին դիմելու փաստաթղթերը հավաքել:





























