Ֆրանսիայի կողմից 1992թ. աղդամյան դեպքերի առնչությամբ Ադրբեջանի կազմակերպած միջոցառումներին որեւէ պաշտոնական հովանավորչություն առկա չէ

Ֆրանսահայ Nouvelles d’Arménie պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը մարտի 7-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիի հետ՝ քննարկելու Փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության կողմից Փարիզի Հաղթական կամարի տակ կրակի բորբոքման արարողությունը ադրբեջանական քարոզչության վերածելու փորձը եւ դրա անթույլատրելիությունը:

CCAF համանախագահները դատապարտել են ադրբեջանական մանիպուլյացիան եւ հակահայ քարոզչության նպատակով ֆրանսիական նախկին ռազմիկների ավանդույթների օգտագործումը:

Պետքարտուղար Տոդեսկինին իր ափսոսանքն է հայտնել Բաքվի կողմից քարոզչական այս հնարքի կապակցությամբ՝ շեշտելով, որ Ֆրանսիական պետությունը որեւիցե կերպ չի հովանավորում նման միջոցառումները: Նա ավելացրել է, որ Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը ինքնավար մարմին է եւ չի տեղեկացրել նման միջոցառման մասին կառավարությանը:

Հանդիպման արդյունքներով մասնակիցներին ակնհայտ է դարձել, որ ադրբեջանական դիվանագիտությունը փորձել է իրականացնել քարոզչական հնարք՝ նման միջոցառման անցկացմամբ Ֆրանսիայի պետության վերաբերմունքի խաբկանք որոշակի լսարանի շրջանակներում ստեղծելու նպատակով:

Հանդիպումից երկու համանախագահները դուրս են եկել վստահեցված, որ կառավարության կողմից Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը տեղյակ է պահվել հետագայում աչալուրջ լինելու անհրաժեշտության մասին:

Nouvelles d’Arménie-ն տեղեկացնում է, որ CCAF համանախագահների կողմից վերոնշյալ հակահայ բնույթի միջոցառումը դատապարտող եւ ապագայում նման միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ նամակ է հասցեագրվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսին: