Հայ օդաչուները շարունակում են աշխատել Սուդանում: Երեւանում «Արմենիա» ավիաընկերության շնորհանդեսի ընթացքում այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց օդաչու Վարդան Սարգսյանը:
«Ես աշխատում են 1978 թվականից, բոլորին գիտեմ: Մեր տղաներից շատերն աշխատում են Սուդանում: Իհարկե՝ Հյուսիսային, այլ ոչ Հարավային: Հարավային Սուդանում այն իրադարձություններից հետո նրանք այլեւս չեն աշխատում (2015 թվականի նոյեմբերին ԱՆ-12-ի կործանման եւ անձնակազմի զոհվելուց հետո - խմբ.): Իսկ Հյուսիսայինում՝ Խարթումում, աշխատում են: Թռչում են Բոինգներով, ԱՆ-12-ներով: Աֆրիկայի այլ երկրներում նույնպես աշխատում են, բայց Սուդանում համեմատաբար շատ են»,- պատմեց նա:
Հարցին, գործընկերներին տեղեկացրե՞լ է, որ Հայաստանում նոր ավիաընկերություն է բացվում, եւ կարելի է արդեն տանն ավելի մոտ թռչել, օդաչուն պատասխանեց. «Մեր բոլոր օդաչուներն ու տեխնիկները նույնիսկ ամենահեռավոր վայրերում գիտեն, թե այստեղ ինչ է կատարվում»:





























