ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մարտի 30-ին կհրապարակի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբանի՝ Վարչական դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Վարչական վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը վերաբերում է Վարչական դատարանի այն որոշմանը, որով նա Կիվիրյանին պարտավորեցրել էր 50 հազար դրամի տուգանք վճարել 2013թ. Երեւանի քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու փորձի համար:
«Դատարանն այսօր գնաց խորհրդակցական սենյակ: Մարտի 30-ին որոշումը կհրապարակի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Կիվիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ ըստ վերաքննիչ բողոքի՝ Արգիշտի Կիվիրյանին իրականում ոստիկանություն ավելի վաղ են տարել, քան պաշտոնապես ներկայացվում է, եւ երեք ժամից ավելի են պահել, բացի այդ՝ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում եւ ոստիկաններն իրավունք չունեի դրա համար բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել տրանսպորտի թանկացման դեմ քաղաքապետարանի առջեւ նստացույցի ժամանակ, երբ Կիվիրյանը փորձել էր վրան տեղադրել նստացույցի մասնակիցների համար:





























