Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2014 թվականի ապրիլի 14-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը ՀՀ ոստիկանության Երեւանի հաշվառման քննական բաժին է ներկայացրել այլ անձի տվյալներով, սակայն իր լուսանկարով կեղծ անձնագիր, մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին եւ հանձնելով դրական՝ ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է այլ անձի տվյալներով քննություններին ներկայացած անձի լուսանկարը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




























